Կայծակ

Կայծակ: Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում: Յուրաքանչյուրս երկնակամարի վրա տեսել ենք կայծակի բռնկումը և լսել ենք որոտի խլացուցիչ ձայնը:
Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի: Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտ:

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է: Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, առանձին շինություններին, միայնակ ծառերին, կենդանիներին և մարդկանց:
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելի օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով: Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ (հողակցում): Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
Եթե փոթորկի ժամանակ գտնվում ենք բաց երկնքի տակ կամ բաց տարածքում, կայծակից պաշտպանվելու համար պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:
Փոթորկի ժամանակ շատ կարևոր է ոչ միայն տեղանքի ճիշտ ընտրությունը, այլև մարմնի ճիշտ կեցվածքը: Վտանգավոր է պառկելը: Կարող եք տուժել ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտական ծառին կամ այլ բարձրադիր առարկայի:

Հաստատուն մագնիսներ

Որոշ մարմիններ երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, դրանք կոչվում են հաստատուն մագնիսներ, կամ մագնիսներ:
Մագնիսները լինելով իրարից հեռու, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել: Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:

Երկաթի, նիկելի և մի քանի այլ մետաղների համաձուլվածքներից պատրաստում են ուժեղ մագնիսական հատկություններով օժտված մագնիսներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները: Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը լայն է: Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, բարձրախոսներում, հեռախոսներում: Կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, կենցաղում, բժշկության մեջ:
Ծանոթ ենք կողմնացույցին: Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր է, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է: Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով: Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն: Այդ պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական Հյուսիսային բևեռի կողմ