Եղիշե Չարենց․ Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Անց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Կարս քաղաքը

Կարս քաղաքը Եղիշե Չարենցի ծննդավայրն է: Կարսը հայոց հնագույն բնակավայրերից է: 10-րդ դարում՝ Բագրատունիների օրոք, մինչև Անին մայրաքաղաք հռչակելը, եղել է նաև թագավորանիստ քաաղաք: Քաղաքում վեր է խոյանում Առաքելոց եկեղեցին, որը կառուցել է Աբաս Ա Բագրատունին:1877 թվականի նոյեմբերի6-ին ռուսները թուրքերից գրավում են քաղաքը և Կովկասի փոխարքայության կազմում դարձնում մարզային կենտրոն: Գործարկվել է երկաթգիծը: Լույս է տեսել «Կարս» շաբաթաթերթը: 1918-ի ապրիլի 25-ին թուրքերը գրավում են քաղաքը: 1919-ի ապրիլի 12-ին ՀՀ բանակն ազատագրում է Կարսը: 1920-ի հոկտեմբերին Կարսը անցնում է թուրքերին և Կարսի պայմանագրով մնում է նրանց կազմում: