Մուշեղ Գալշոյան,«Մամփրե արքան»,31․10-05․11

1- մաս

Մամփրեն ահագին ժամանակ հետևում էր, թե երրորդ դասարանցի թոռնուհին ինչպես է այբուբենը սովորեցնում եղբորը, որպես թե՝ նախապատրաստում է, որ տղան գալ տարի այբուբենը սերտած գնա դպրոց: Եվ, տես թե ինչպես է սովորեցնում. շուտասելուկի պես,— Ա — բ — գ — դ — ե — զ…,— առանց հնչեցնելու, առանց ներդաշնակելու։ Բա Մամփրեի սովորած այբուբենը ա՞յդ էր, այդպե՞ս էր։ Վարժապետ Տեր Հարությունը նահատակվեց, այբուբենը հո չփոխվե՞ց։

Իսկ երբ թոռնուհին ճլոտեց թոռանը, Մամփրեն էլ չհամբերեց.

— Աղջի, շան կաթ կերած։— Եվ հերսոտ ոտքի ելավ։ — Սխալ-մխալ կզրուցե քիչ է, հըլը տղին էլ կճլոտե։— Եվ այբբենարանը խլեց-շպրտեց մահճակալին, իսկ տղային քաշեց ծնկների արանքը։

— Քու քուրն սուտասան է, ձգուկ, էդ փապռեճի զրուցին ականջ մի պահե։

Ապա հերսոտ դարձավ թոռնուհուն՝

— Էդ ի՞նչ սուտ ու փուտ է կսովորեցնիս տղին:

— Սուտը…,— թոռն ուհին ուզեց շշպռել պապին, բայց զսպեց իրեն։— Գրքում է էդպես գրված։

— Բեր տեսնիմ,— խիստ պահանջեց պապը։

Թոռնուհին տարակուսած նայեց. պապը, ախր, տառաճանաչ չէ, ճիշտն ու սխալը էդ ինչպե՞ս պետք է ստուգի և այն էլ, այն էլ՝ գրքով։ Եվ փռթկացրեց ափի մեջ։

— Գիրքն հոս բեր… Շան կաթ կերած… Դե բաց ու ինչպես մեջ գրքին է, էդպես զրուցե։ Կարդա հատիկ-հատիկ,— խիստ պահանջեց Մամփրեն,— կարդա մեկիկ-մեկիկ ու մեկիկ-մեկիկ ցուցամատե։— Եվ աչքը բաց էջին լարված՝ սպասեց:

— Այբ-բեն-գիմ-դա-եչ-զա…

Մինչ Մամփրեն փորձում էր աչալուրջ հետևել, թոռնուհու ցուցամատը ցոլաց, և նա շուտասելուկով կտրեց այբուբենի երկու շարքը։

— Համբերե։— նեղսրտեց Մամփրեն։— Քեզ ասի հանդարտիկ կարդա։ Հատիկ-հատիկ կարդա ու ցացանե։

— Ա՜յբ… բե՜ն… գի՜մ… դա՜…

— Համբերե։ Գիմ-ից հետո նորեն կարդա։ Թոռնուհին շփռթվեց և սկսեց նորից.

— Ա՜յբ… բե՜ն… գի՜մ…,— հարցական նայեց պապի աչքերին։

Մամփրեն լարված սպասում էր։

— …դա՜,— թոռնուհին մատնացույց արեց և ուզեց շարունակել, բայց Մամփրեն ընդհատեց։

— Համբերե։— Լարված նայում էր տառերի շարուկին։– Հըլը գիմ-ն ցուցամատի։

— Էս է:

— Գիմ-ից հետո հարկ է, որ էղնի՝ ել, Հովակիմ:

— Ի՞նչ։

— Ել, Հովակիմ,— նեղսրտես Մամփրեն։

— Ել, Հովակիմ։— Ափի մեջ փռթկաց թոռնուհին։— Այդպիսի բան չկա։

— Լավ նայե։

— Չկա, այ պապ, չկա։— Չիք։— Եվ ափերը հաղթական շրխկշրխկացրեց։— Տեսար, որ սուտ ու փուտ չեմ սովորեցրել։ Դե, արի։— Եվ քաշեց եղբոր թևից։

— Համբերե։— Եվ թոռանը ծնկների արանքում սեղմած, մտածկոտ հայացքը այբբենարանին, Մամփրեն շշնջաց։— Թե էդպես է. գիրքն է սխալ կխաբրե… գիրքն է սխալ կզրուցե։

Թոռնուհին քաշում էր եղբոր թևից։

— Համբերե,— հերսոտեց Մամփրեն և թոռանը պինդ սեղմեց ծնկների արանքը։— Այբուբենը ես կսովորեցնեմ իմ ձգուկին։


Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։

Վարժապետ Տեր Հարությունը արտասանում էր, և իրենք խմբով կրկնում էին։ Տեր Հարությունը հայոց տառերն էր ասեղնագործում ճերմակ պաստառին, հետն էլ արտասանում այբուբենը, և իրենք խմբով կրկնում էին—

Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։

Տեր Հարությունը մեծ ու ճերմակ պաստառը կախել էր Տիրամոր նկարի կողքին և վառ կարմիրով հյուսում էր տառերը։ Հայոց տառերը կարմիր են, բացատրում էր Տեր Հարությունը, քանզի սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս։ Եվ կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Եվ ասեղնագործում էր հանդարտիկ, հեռվից ու մոտիկից ուշադիր զննելով, երբեմն այնպես վերացած, որ իրենց թվում էր, թե հայոց տառերը նոր-նոր հորինվում են, և Տեր Հարությունն է ստեղծողը։ Օրը՝ մեկ տառ։ Եվ օրեր շարունակ իրենք կրկնում, հա կրկնում ու սերտում էին այբուբենը—

Խե՜, ծա՜, կե՜ն,
Ո՞ւր է Հակեն։
Հո՜, ձա, ղա՜տ,
Միհրան, Միհրդատ։
Ճե՜ն, մե՜ն, հի՜,
Կգանք հիմի։

Գյուղում բոլորը գիտեին, որ Տեր Հարությունը ճերմակ պաստառին կարմիր տառեր է ասեղնագործում և, որպես թե ի հիշատակ մշեցի այն ուսուցչի, որին սուլթանը, ասում են, կախաղան է հանել։ Մահապարտ այդ ուսուցիչն է հայոց այբուբենր հանգավորել այսպես,— Ա՜յբ, բե՜մ, գի՜մ, Ե՛լ Հովակիմ,— ներդաշնակել այնպես, որ երեխաները շուտ սովորեն այբուբենը և բոլորովին չմոռանան —

Նո՜ւ, շա՜, ո՜,
Պրծի, Շավո,
Չա՜, պե՜, ջե՜,
Ուշ է, Վաչե:

Ասում էին նաև, որ Տեր Հարությունը շուտով Հնդու աշխարհ պետք է գնա, և գրերը տանելու է Հնդու աշխարհի հայերին։ Ուրիշները թե՝ տառերը ասեղնագործում է ի սեր աշխարհի ծայրը հասած մեն ու մինուկ մի հայի, ճերմակ պաստառին հյուսած հայոց կարմիր գրերը նրան է ուղարկելու՝ աշխարհի ծայրը հասած ու մոլորված մինուկ ու մինուճար պանդուխտ հային։ Նրան է ուղարկելու։ Ոչ, բոլորին առարկում էր գյուղի ամենատարեցը և գյուղի ամենահզոր ընկուզենու տեր Օհան պապը (ասում էին, որ նա, Օհան պապը, և իր հսկա ընկուզենին տարեկիցներ են)։ Ոչ, առարկում էր Օհան պապը, Տեր Հարությունը գրերն ուղարկելու է սուլթանին նվեր։ Այո, այո, նվեր, սուլթանին նվեր՝ ի հեճուկս:— Դու մշեցի ուսուցչին կախաղան հանեցիր, իսկ սուրբ Մաշտոցի գրին ի՞նչ կարող ես անել։— Այս մեկ։ Եվ ապա։— Դու սուլթան ես, բայց քո սեփական տառերը չունես և քո արյունոտ հրամաններր գրում ես այլոց տառերով։ Իսկ մենք թագավոր չունենք, բայց ունենք սեփական գիր: Եվ, իմացած եղիր, որ սուրբ Մաշտոցի գիրն էլ մեր թագավորն է։ Եվ մենք քո արնոտ ձեռքը մերժում ենք և մեր արդարախոս ու արդարամիտ թագավորի ձեռքը համբուրում ու դնում ենք մեր գլխին։ Այ, այդպես։— Ամեն մեկն իրենն էր ասում, իսկ Տեր Հարությունը լոլո ու խորհրդավոր ասեղնագործում էր տառերը, օրը մեկ տառ։ Երբեմն նաև պատմություններ էր անում սուրբ Սաշտոցի և նրա արարչագործ, անպարտելի, ասպետ զինվորների— գրերի մասին։ Հրաշք բաներ, որ լսում էին բերանբաց և ընկնում հեքիաթների աշխարհը… բայց ամենաշատը, ամենաշատը այբուբենն էին սերտում. կրկնում, հա կրկնում ու սերտում էին —

Ռա՜, սե՜, վե՜վ,
Ծագեց արև։
Տյո՜ւն, րե՜, ցո՜,
Մարդ աստծո։

Հետո մի մամիկ լուր տարածեց, թե Տեր Հարությունը երազ է տեսել, երազում ճերմակ ձիավոր սուրբ Սարգիսը հայտնվել է ու ասել՝ շուտով ջրհեղեղ է լինելու։ Ճերմակ ձիավոր սուրբ Սարգիսն է ձին կանգնեցրել ու ասել Տեր Հարությունին։ Եվ նա հիմա շտապում է ասեղնագործել հայոց կարմիր տառերը և ծոցը դրած բարձրանալ Արարատ։ Դրա համար էլ մեծ-լայն սավանի վրա է հյուսում և գլխա-գլխատառերով… Եվ գյուղը հավատաց։ Եվ հավատացին իրենք, երեխաները, հավատացին, որովհետև վարժապետը այդ օրը եկավ և հայտարարեց,— զավակներս, այսօր մեր վերջին դասն է, սալթանը պատերազմ է հայտարարել աշխարհին Ռուսիո։ Եվ ես աճապարում եմ ավարտին հասցնել ասեղնագործ գիրն իմ։— Իսկ նախնական պայմանավորվածությունը այլ էր՝ քանի դեռ ինքը, վարժապետը, տառերն է հյուսում, այդ ընթացքում իրենք պետք է ամեն օր, չհաշված կիրակի օրերը, ամեն օր արտասանեին, կրկնեին ու սերտեին այբուբենը և ապա, գործն ավարտելուց հետո, վարժապետը տառ առ տառ պետք է սովորեցներ գրերը: Այդպես էին որոշել, բայց եկավ և ասաց։— Պատերազմ է, զավակներս, և ձեր հայրերին, հարկավ, ասկյար կտանեն։ Գնացեք ձեր հայրերի մոտ։ Եթե տերը կամենա՝ նորեն կհավաքվենք, և ձեզ կուսուցանեն սուրբ Մաշտոցի գրերը։ Իսկ այժմ, զավակներս, վերջին անգամ միասին հնչեցնենք այբուբենն հայոց։— Եվ այբուբենի վերջը այնպե՜ս էին ձգում, այնպե՜ս էին ձգում, առանց պայմանավորվելու բոլոր երեխաները միաշունչ (և վարժապետն ինքն էլ, վարժապետն էլ) վերջը այնպե՜ս էին ձգում… Չէին ուզում, որ այբուբենը վերջանա —

Վյո՜ւն, փյո՜ւռ, քե՜,
Քելե սրքե,
Ե՜վ, օ՜, ֆե՜,
Օ՜, ինչ զով է։

— Դե, զավակներս, տերն ընդ ձեզ։

Առավոտ էր, բայց գյուղը լուռ էր։ Այբուբենին դաշնած կանչերը, որ իրեն թվում էր, թե մշեցի վարդապետը իրենց գյուղից, հենց իրենց գյուղից է վերցրել, բարձրաձայն ու բարձրախոս իրենց գյուղացիներից՝ կտուրից-կտուր, թաղից-թաղ, արտից-արտ, ձորից-ձոր միմյանց ձայն տվող բարձրագոչ գյուղացիներից, այդ կանչերը չկային։ Այն, ինչ ամեն օր կար, այդ առավոտ չկար, իսկ այն, ինչ չպետք է լիներ, կար՝ գյուղի շներն էին խառնվել իրար, կտուրներին կանգնած, դնչներն ի երկինք կատաղի հաչում էին։ Շները ինչպե՞ս էին հասկացել, որ թուրքաց սուլթանը պատերազմ է հայտարարել ռուսաց ցարին։ Շները արևոտ ու զուլալ օրով և օր ցերեկով ձեն-ձենոց ոռնում ու հաչում էին, իսկ գյուղի այրերը հավաքվել էին Վարի թաղում, Օհանի ընկուզենու տակ… Մի մասը ուրախ էր, որ սուլթանը պատերազմ է հայտարարել՝ արյունով ներկված գահի վերջն է եկել, ուրեմն, և աստված մոլորեցրել է սուլթանին, և նա ռուսաց ցարին կռիվ է հայտարարել։ Ռուս սալդատների սվինները այս անգամ կփայլեն Ծիրնկատարին, կշողշողան Անդոկ լեռան կատարին։ «Քեռին» այս անդամ անպայման կգա։

Իսկ մյուս մասը նոր պատերազմը գտնում էր որսպես նոր աղետ, ռուսը իհարկե, կհաղթի, կասկած չկա. սալդատի սվինից ասկյարը դողում է, ռուսը միշտ է հաղթել և էլի կհաղթի: Ռուսաց սվինը կհաղթի, այո, բայց վերջում, վերջում, ամենավերջում կհաղթի Եվրոպայի դիվանագիտությունը։ Այո, Եվրոպայի նենգ քաղաքականությունը հաղթող դուրս կգա։ Այ, այդպես կլինի: Այդպես եղել է և այդպես կլինի։ Եվ անիշխան ու անզեն ժողովուրդը կպատժվի իր երազի, հույսի և ռուսասիրության համար։

Գյուղ հասած լուրը ավետի՞ս էր, թե՞ բոթ… Ավետիս է, թե՞ բոթ… Օհանի ընկուզենու տակ հավաքված այրերը այդպես էլ չորոշեցին, բայց որ գյուղը սուլթանի անարդար բանակին զինվոր չի տալու, դա արդեն քննելու բան չէր։ Ո՞վ, հայորդին դառնա յաթաղանակիր ասկյար և կռվի ռուս սալդատի դե՞մ… Չի եղել և չի լինի։ Պատմությունը այդպիսի մի օրինակ, գեթ մի փաստ չի արձանագրել։

Եվ մտախոհ ցրվեցին. ով «չախմախլի» թվանք ունի՝ թող լիցքավորի, ով թուր ունի՝ թող սրի, ով մի կարգին չախ ու ունի՝ թող սրի։