Արմավիր, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Մայրաքաղաք Երևանից հեռու է 57 կմ, Արմավիր քաղաքից՝ 7-9 կմ։ Բարձրությունը ծովի մակարդակից 850 մետր է։ Գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի արևմտյան ծայրամասում, Երասխ գետի հին հունի երկու ափերին, Արմավիր մայրաքաղաքի Արևելյան Բլրից դեպի արևելք ընկած Ալիսո/ու և Բլուր թաղամասերի տարածքների վրա։
Արմավիրը աչքի է ընկնում չոր, կիսաանապատային տոթ ու շոգ բնակլիմայական պայմաններով։ Օդի ջերմաստիճանը ամռանը հասնում է +38 — +41 °C, իսկ ձմեռները ջերմաստիճանը իջնում է մինչև -21 — -28 °C։ Գյուղում մշտապես առկա էր խմելու ջրի խնդիր։ Վերջին 60 տարիների ընթացքում այս խնդիրը լուծված է բնակչության խմելու ջրի ապահովումը կազմակերպելով արտեզյան ջրհորերից քաղցրահամ ջրի մատակարարման միջոցով։
Արմավիրը սկիզբ է առնում արևմուտքում՝ Արմավիրի պատմական Բլրի մոտից՝ ձգվելով դեպի արևելք մոտ 4, 5 կիլոմետր երկարությամբ, հարավարևելյան կողմերում՝ 2, 4 կմ լայնությամբ։ Ընդհանուր հողատարծքները՝ 720-780 հա։ Սահմանակից է Արմավիրի մարզի Հայկավան, Այգեշատ, Ջրաշեն, Արևիկ և Ալաշկերտ գյուղերին, Արմավիր քաղաքի և Մարգարայի հետ կապված է Արմավիր-Մարգարա մայրուղով, համայնքների հետ՝ միջհամայնքային ճանապարհներով։ Գյուղի վարչական տարածքով է անցնում Արմավիր-Մրգաշատ մեծ թողունակության ջրատարը

